Եթե մարդկանց հարցնելու լինեն իրենց մոր ծննդյան օրը, անշուշտ, բոլորն էլ կասեն օրն ու ամիսը, բայց եթե հարցնելու լինեք, թե երբ է ծնվել բոլոր մայրերի մայրը՝ կույս Մարիամը, հավատացած եմ, որ հարյուրից մեկը կասի մեր Փրկչի մոր ծննդյան օրը: Ափսոս, որ այդպես է, ցավալի փաստ է: Բայց չէ՞ որ Հիսուսը խաչի վրա մեզ՝ քրիստոնյաներիս, հանձնել է Տիրամորը, որ մենք նրա հոգևոր զավակները դառնանք: Այսքանը որպես նախաբան կարդալուց հետո այժմ ծանոթանանք սուրբ Տիրամոր ծննդյան խորախորհուրդ մանրամասներին, որովհետև այն Աստծո հրաշքներից է։
Հրեաստանի Գալիլեայի Նազարեթ քաղաքում, Կարմեղոս լեռից ոչ շատ հեռու, Հուդայի ցեղի, Դավիթ թագավորի սերնդից Հովակիմ անունով մի արդար ու աստվածավախ այր էր ապրում իր կնոջ՝ Աննայի հետ, որը նույնպես Իսրայելի աննշան ցեղից չէր, քանի որ սերում էր Ահարոն քահանայապետի սերնդից, ու Մատթան քահանայի դուստրն էր։
Աստված նրանց օրհնել էր ամեն ինչում՝ թե ազնվական սերնդաբանությամբ, թե ունեցվածքով, և թե ամենակարևորը՝ ընտանեկան մեծ սիրով ու խաղաղությամբ, բացի ամենակենսականից. նրանք երկար տարի ամուսնացած էին, բայց երեխա չունեին։ Իսկ այդ ավանդապաշտ երկրում ընդունված էր այն հասկացությունը, որ զավակներ չունեցող ամուսինները անարգանք են համարվում Իսրայելի համար, որպես անպտուղ ծառ։
Ահա այդպես էլ նրանք աղոթելով ու սաղմոսելով, հաշտ ու խաղաղ, սիրով ու քնքշանքով միմյանց հանդեպ ապրեցին քսան տարիներ, մոտենալով իրենց կյանքի հասունությանը, բայց ամեն օր անզավակության կսկիծը կրելով իրենց մաքուր սրտերում։
Հովակիմը, լինելով հրեա և բավականին ունևոր մարդ, ըստ այդ երկրի օրենքների, իրավունք ուներ կամ մի այլ՝ երկրորդ կին բերելու տուն, կամ կնոջը ապահարզանի թուղթ տալու և արձակելու և ուրիշ կին առնելու իր սերունդը շարունակելու համար։ Բայց այդ բարեպաշտ ու շնորհազարդ ամուսինը չօգտվեց դրանցից ոչ մեկից, որովհետև իր կնոջը նա սիրում էր քնքուշ ու զարմանալի սիրով, դրանով իսկ անտրտունջ կրելով իր ընտանիքին ընկած անարգանքը։ Նա միաժամանակ ու մեծ բարեգործ էր ու առատաձեռն թե՛ կարիքավորների հանդեպ, թե՛ Աստծո սուրբ Տաճարի։ Ահա մի տոնակատարության ժամանակ, երբ բոլորը իրենց ընտանիքների համար ողջակեզի քավության զոհերն էին տանում Տաճար, նա ուրախությամբ առաջինը գնաց այդ արարողությանը, բայց Տաճարի սպասավորներից մեկը, ճանաչելով Հովակիմին, ծաղրանքով ասաց նրան. «Ինչո՞ւ ես բոլորից առաջ ուզում բերել քո զոհը մեր Ադոնայ Տիրոջ առաջ, չէ՞ որ դու անարժա՛ն ես այդ անելու, քանի որ անպտուղ ես Իսրայելի համար»։ Այս անսպասելի հանդիմանանքը ցավալի խոցեց բարեպաշտ Հովակիմի սիրտը, մտածելով, որ իսկապես նա Աստծո առաջ այնքան մեղավոր է, որ Տիրոջ բարկությունը պատժում է իրեն անզավակությամբ։ Այսպես խորհելով, նա գլխիկոր դուրս եկավ Տաճարի գավթից ու չկամեցավ այլևս տուն վերադառնալ և ուղիղ դեպի Կարմեղոս լեռան լանջերին արածող իր ոչխարի հոտերի հովիվների մոտ գնաց։
Եվ քառասուն օր նա այնտեղ մնաց, խիստ ծոմապահությամբ ու անդադար աղոթքներով առ Աստված, լաց ու աղաչանքով Նրա ողորմածությանն արժանանալու համար։
Միևնույն ժամանակ նրա սիրելի ու խոնարհ կինը, տեղեկանալով, թե ամուսինը ինչ պատճառով է առանձնացել, ինքն էլ առավել մեծ վշտով տխրեց, քանի որ գիտեր` պատճառը իր ամլությունն էր, ինչը իր պաշտելի ամուսնու վրա մարդկանց կողմից անարգանք է բերում։ ՈՒ ինքն էլ, տրվելով ծոմապահությանն ու աղոթքներին, լաց ու արցունքով Տիրոջից մի զավակ էր խնդրում, վկայակոչելով Աբրահամի կնոջը՝ Սառային, ու Սամուել մարգարեի մորը՝ Աննային, որոնք նույնպես ամուլ էին մինչև իրենց ծերության տարիները, բայց դա չխանգարեց, որ Տերը նայի նրանց աղոթքներին ու հավատքին և սերունդ պարգևի նրանց։ Եվ այդ բարեպաշտ ու խոնարհ աղախնի աղոթքները լսելի եղան Բարձրյալին, ու նա իր աղերսանքների պատասխանը ստացավ Տիրոջից՝ երկնային անկրկնելի մարգարտաշող լույսով, որ անսպասելի ծագեց Տաճարի Սրբություն սրբոցի կողմից, հստակ հասկացնելով, որ Աստված նրան մի անկրկնելի ժառանգ է պարգևելու, որը պետք է ընծայվի Աստծո այս Տաճարին։ Աննային այդ ավետիսը տվող հրեշտակը այցելեց նաև Հովակիմին, հաստատելով Բարձրյալ Աստծո կամքը, որ նրանց սերունդ է շնորհվելու շուտով։
Այդպես էլ եղավ. ինչպես հրեշտակն էր ավետել նրանց, հաջորդ տարվա Թշրի ամսին (որ մեր օրացույցով սեպտեմբերին է համապատասխանում), ավելի ճիշտ` ամսի 8-ին, շաբաթ օրը առավոտյան ծնվեց խոստացված ժառանգը, մի սքանչելի, լուսերես աղջիկ։ Ծնողների ու իրենց բարեկամների ուրախությունը զարմանքով և լի ուրախությամբ հորդեց, ու ողջ Իսրայելը հասկացավ, որ Տերը Իր հերթական զարմանահրաշ այցելությունն է արել այդ բարեպաշտ ամուսիններին, և ամուլ կնոջ արգանդն է բացել ինչպես նախնի ընտրյալներին, որոնց մասին արդեն ասացինք։ Ըստ հրեական սովորության, հարազատների ու ազգականների հետ մեկտեղ, ութերորդ օրը ընտրեցին նորածնի անունը և դրեցին Մարիամ, որը մի քանի թարգմանական բացատրություն ունի, որ նշանակում է թագուհի (դշխո), կամ ծովային աստղ։
Երեք տարի ընդամենը ծնողները վայելեցին իրենց սքանչելի ու կենսախինդ դստեր ներկայությունը, որից հետո, ըստ իրենց ուխտի խոստումի, Մարիամին տարան Տիրոջ Տաճար և հանձնեցին Աստծո նախախնամությանը, քանի որ Իսրայելի մեջ լսված Եսայու մարգարեությունը բոլորն էին հիշում, որ. «Ահա կույսը պիտի հղիանա ու Որդի ծնի և Նրա Անունը Էմմանուել պիտի լինի» (Եսայի 7.14)։ Այդ հույսով էլ Մարիամին ծնողները հանձնեցին տաճարական կին խնամակալներին, որոնք պահում և կրթում էին այդ կույսերին մինչև իրենց արբունքի տարիքը, որ երբ Տերը կամենա այցելի նրանցից մեկն ու մեկին, ում Ինքը կընտրի, որի միջոցով էլ Իսրայելի սպասված Մեսիան՝ Փրկիչը կծնվի։ Իսկ Էմմանուել թարգմանվում է Աստված մեր մեջ։
ՈՒ քանի Բարձրյալի խոսքը առանց Իր կամքը կատարելու հետ չի վերադառնում, ապա այդպես էլ եղավ. Տերը կամեցավ որ հենց այս ընտրյալ անոթը՝ Նոր ՈՒխտի Տապանակը, Մարիամը կրի Աստծո Որդուն իր կուսական ու անարատ որովայնում և ծնի Հիսուսին՝ աշխարհի Փրկչին։
Օրհնյալ լինի համայն աշխարհի Փրկչի Մայրը, որ մեզ մեր մեղքերից փրկող Աստծո Անարատ Գառին ծնեց, Որը 33 տարի անց պետք է Խաչի վրա ադամական մահապարտ սերնդի փրկագործությունը կատարեր ու մեզ համար հավիտենական կյանքի դուռ բացեր դեպի Իր Երկնային Արքայությունը։
ՈՒրեմն դարձյալ հիշենք սքանչելի ու անմոռաց այս օրը՝ սեպտեմբերի 8¬ը, ու միշտ տոնենք մեր սուրբ Կույս Մոր ծննդյան օրհնության օրը։ Վերջում նաև մի փոքրիկ աղոթք զետեղենք հայորդիների համար, որ Երկնային Թագուհու՝ սուրբ Կույս Աստվածածնի բարեխոսությամբ իրենց կյանքը Տիրոջ օրհնություններով լցնեն, արժանանալով Երկնքի Արքայությանը։
Քո պահպանության տակ ենք
Շտապում, սուրբ Աստվածածին,
Մեր հույսի և փրկության մայր,
Մի՛ անտեսիր այս վշտալի աղոթքները մեր,
այլ փրկիր մեզ գալիք բոլոր վտանգներից։ Տիրուհի մեր, պահապան մեր, բարեխոս մեր, հաշտեցրու մեղավորներիս քո սիրելի միածնիդ հետ և հասցրու բոլորիս մինչև իր խոստացած երկնային արքայությունը։ Ամեն։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ